«Հայկական նախաձեռնություն» հիմնադրամ

Ներկայացվել է հայկական առաջին էլեկտրական մեքենան (ՎԻԴԵՈ)

0 123

ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայ մշակողները Երևանում անցկացվող DigiTec-2017 13–րդ տեխնոլոգիական ցուցահանդեսի շրջանակում ներկայացրել են առաջին ինքնավար էլեկտրական մեքենան։

Ինչպես «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տեղեկացրեց National Instruments ընկերության համակարգային ինժեներ Գուրգեն Մարդոյանը, ցուցահանդեսին ներկայացվել է առաջին նախատիպը, որը զարգացնում է մինչև 90 կմ/ժ արագություն, միաժամանակ մեկ լիցքավորումը բավարար է 40 կմ անցնելու համար։

Մեքենան ինքնավար է։ Մեքենայում տեղադրված է տեսախցիկ, կա ռադար, որը բացահայտում է օբյեկտները, չափում դրանց տեղակայման անկյունն ու շարժման արագությունը։

«Մեքենաշինության ոլորտն ամբողջ աշխարհում զարգանում է երկու ուղղությամբ` էլեկտրամոբիլներ և ինքնավար ավտոմեքենաներ։ Հայաստանում մենք որոշեցինք համատեղել այս երկու ուղղությունները և ստեղծեցինք էլեկտրամոբիլի առաջին նախատիպը, որը հավաքվել է զրոյից», – ասաց Մարդոյանը։

Նրա խոսքով, ողջ համակարգը թեստավորվում է լաբորատոր պայմաններում` հատուկ մշակված վարժասարքի վրա։

Նա նշեց, որ ընկերությունն այս պահին փորձում է կոմերցիալիզացնել նախագիծն, ու ներդրումների առկայության դեպքում արդեն 2018 թ.–ի կեսին հնարավոր կլինի ներկայացնել ևս մեկ մոդել։

Նախագծող, նախագծի հեղինակ և էլեկտրական մեքենայի սեփականատեր Դավիթ Գևորգյանն իր հերթին նշեց, որ ներկայացված էլեկտրական մեքենայի առանձնահատկությունն այն է, որ մեքենան կարելի է հավաքել սովորական ավտոմեքենայի հիման վրա։

«Կարելի է զրոյից ստեղծել էլեկտրական մեքենայի հայեցակարգը, իսկ կարելի է նաև վերափոխել արդեն ունեցած ավտոմեքենան` միաժամանակ ինքնուրույն նշելով դրա պարամետրերը։ Միաժամանակ, այն կարող է մրցակցել առաջատար ավտոարտադրողների արդեն պատրաստի էլեկտրամոբիլների հետ», – ասաց Գևորգյանը։

Նա նաև նշեց, որ համապատասխան ներդրումների դեպքում պատրաստ է Հայաստանում սկսել էլեկտրական մեքենաների արտադրություն։
«Էլեկտրամոբիլ արտադրելու համար հարկավոր է 6–8 հազար դոլար, սակայն եթե հաջողվի սկսել զանգվածային արտադրություն, ապա արժեքը կարող է շատ ավելի քիչ լինել», – ասաց Գևորգյանը։

Աղբյուրը ` newsarmenia.am

Ձեզ նույնպես կարող է դուր գալ
Մեկնաբանությունները
Loading...