«Հայկական նախաձեռնություն» հիմնադրամ

2018թ. բյուջեի ծախսերի ոլորտում գերակա են լինելու շինարարությունն ու պաշտպանությունը

0 93

2018 թվականին Հայաստանի պետական բյուջեի սեփական եկամուտները մոտ 10 տոկոսով պլանավորում են մեծացնել կամ 1135 մլրդ դրամից հասցնել 1248 մլրդ–ի։ Այս մասին ասել է ֆինանսների նախարար Վարդան Արամյանը՝ կառավարության նիստում ներկայացնելով 2018-ի պետբյուջեի նախագիծը։

Նրա խոսքով՝ ընդհանուր բյուջեն կմեծանա 8 տոկոսով՝ 1210 մլրդ դրամից մինչեւ 1307 մլրդ դրամ։ Ի թիվս այլ աղբյուրների՝ դրամաշնորհային միջոցները ավելի շատ կլինեն՝ 35.6 մլրդ դրամ։ Իսկ այլ եկամուտները, մասնավորապես՝ պետական ունեցվածքից, կկրճատվեն 44.1 մլրդ դրամից մինչեւ 23.8 մլրդ։

2015-2016թթ. բյուջեի ծախսերը կտրուկ մեծացվել էին անբարենպաստ պայմաններին դիմակայելու համար, իսկ 2017–ին նորից կրճատել են արտաքին պարտքը զսպելու համար։ Հիմա ծախսերը նորից ուզում են հասցնել 2015-2016թթ. մակարդակին։ Այլ խոսքով ասած՝ 1360 մլրդ դրամից հասցնել 1464 մլրդ դրամի։

Պետությունն ուզում է ավելի շատ եկամուտ հավաքել ստվերային բիզնեսը բացահայտելու շնորհիվ։ Մասնավորապես՝ անհատապես վերլուծելու են տարեկան 100 մլն դրամ եւ ավելի հարկային շրջանառություն հայտարարագրած բոլոր ձեռնարկությունների՝ հարկերից խուսափելու ռիսկերը։

Ծախսերի ոլորտում գերակա է լինելու կապիտալ շինարարությունն ու պաշտպանությունը։ Պետությունը կընդլայնի ճանապարհների, ոռոգման համակարգերի եւ այլ ենթակառուցվածքների շինարարությունը ապագա տնտեսական աճի համար։ «Դա անհրաժեշտ է, եթե պետությունը հավակնում է հաջորդ տարիներին ՀՆԱ 5 տոկոս եւ ավելի աճի»,– ասել է նախարարը։ Այդ պատճառով կապիտալ ծախսերը մոտ կրկնակի կմեծանան՝ 98.6 մլրդ դրամից մինչեւ 175 մլրդ դրամ։

Պաշտպանական ծախսերը կմեծանան 205 մլրդ դրամից մինչեւ 234 մլրդ դրամ։

Սոցապահովման ծախսերը գրեթե չեն մեծանա՝ 408 մլրդ դրամ։

Լուրեր Հայաստանից – NEWS.am

Ձեզ նույնպես կարող է դուր գալ
Մեկնաբանությունները
Loading...